Այս պատմությունը հիմնված է իրականության վրա։ Այն ինձ պատմել է սեմալցի կրոնափոխ հայ Զազա Մուխտարը, որի ընտանիքը ևս զոհ է գնացել թուրքական յաթաղանին. կենդանի է մնացել միայն տատը՝ Մարիամը։
Իրադարձությունները տեղի են ունենում Դիարբեքիրի (Տիգրանակերտի) Ալաբալ (Քեֆնեջար) գյուղում։ Պատմության հերոսը մեր սեմալցի բարեկամի հարևանն է։
Թուրքական կառավարությունը կաշառում էր քուրդ իմամներին, վերջիններս էլ կրոնամոլ քրդերին հրահրում էին հայերի դեմ՝ խոստանալով, որ եթե յուրաքանչյուրը հինգ հայ (գյավուր) սպանի, նրա հոգին դրախտ կընկնի։ Քրդերն էլ՝ թալանի մոլուցքով և դրախտում հայտնվելու պատրանքով տարված, անխնա կոտորում, թալանում ու գերեվարում էին հայերին։ Պատմությանս հերոսը հենց այդպիսի մեկն էր, որին ողջ կյանքում հետապնդեց մեղքի զգացումը, և որի կյանքը վեր էր ածվել իսկական դժոխքի։
...Ասում են՝ ժամանակն ամեն ցավի սպեղանի է։
Տարիներն անցնում էին, իսկ ցավը դառնում էր ավելի կեղեքող ու հոգեմաշ։ Սրտակեղեք մտքերը հանգիստ չէին տալիս նրան։ Ականջին էին հասնում հեռավոր, մոռացված ձայներ. «Օգնեցե՜ք, մի կտոր հա՜ց...»։ Աչքի առջև հառնում էին աղջկա վախեցած աչքերը՝ երկնքի պես զուլալ ու կապույտ։
Դուրս էր գալիս տանից, աննպատակ թափառում՝ հուսալով ազատվել սրտամաշ մտքերից. «Խփե՛ք, խփե՛ք...»։ Ո՞վ է, ինչո՞ւ... Գիտեր պատասխանը, բայց իր մեջ ուժ չէր գտնում պատասխանելու իրեն տանջող հարցին։
Այդպես տարիները գլորվում-անցնում էին, սակայն խելահեղ ուրվական դարձած հիշողությունները հանգիստ չէին տալիս։ Երազներում հաճախակի հայտնվող աղջիկը դարձել էր քրդի կյանքի լուռ ուղեկիցը. հայտնվում էր ու գլխիկոր կանգնում նրա դիմաց։ Մերթընդմերթ հալումաշ անող մտքերը բթանում էին, անէանում, ապա նորից հայտնվում ու ամոթանքի նոր խարանով դաջում նրա ճակատը։
Այո՛, ամաչում էր... տասնչորս տարեկան հայ աղջնակը՝ որբ ու հալածական, գյուղում հայերի ամբարները դատարկող և մեծ խրախճանքի նստած քրդերից օգնություն էր խնդրում. — Մի պատառ հաց...
Ու ի՞նչ... վախեցած ժպիտը քարանում է երեխայի անմեղ դեմքին։ Բառերը սառչում են գեղեցիկ շուրթերին։ Թալանով տարված քրդերը որոշում են աղջնակին ենիչերիների ձեռքը տալ, ապա փոշմանում են. արյան հոտ առած գիշատչի ախորժակով ցանկանում են հագուրդ տալ իրենց գարշելի հոգիներին և հաշվեհարդար տեսնել աղջկա հետ՝ հուսալով, որ Ալլահի մոտ տեղ կգտնեն։ Հսկա քարերի տարափ է տեղում խեղճ որբուկի վրա...
...Ու այսօր՝ հալածված Ալլահից, հալածված իր մտքից ու սեփական խղճից, մարում է նրա աչքերի կրակը։ Մահվան մահճում նա կրկնում էր. — Ես մարդասպան եմ... Ես էլ եմ նրա վրա քար նետել։ Ինչի՞ համար... Ի՞նչ էր արել ինձ...
«Ո՞ւր է խոստացված դրախտը. սա դժոխքից էլ վատ է»,- մտածում էր նա։ Ու դանդաղ հանգչում էր ծերունին՝ բռնած հավերժի ճամփան՝ իր հետ տանելով այն մեծ ու ամոթալի ցավը, որ մի ողջ կյանք կրծոտեց նրա հոգին։
Կարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ